Պալիատիվ օգնության բաժանմունքում պացիենտների հոսպիտալացման հիմնական բժշկական ցուցումները.
• Անբուժելի զարգացող հիվանդություններ, որոնք պահանջում են 24/7 աջակցող օգնություն և բուժքույրական խնամք.
- չարորակ նորագոյացությունների տարբեր ձևեր,
- ծանր օրգանական անբավարարություն պացիենտի կայուն վիճակի դեպքում (ուղեղանոթային անբավարարություն, քրոնիկ սրտային անբավարարություն, շնչառական անբավարարություն, երիկամային քրոնիկ անբավարարություն, լյարդաբջջային անբավարարություն) ինքնասպասարկման ունակության մասնակի կամ ամբողջական կորստով,
- ծանր ընթացքի կամ տերմինալ փուլում գտնվող թերապևտիկ պրոֆիլի քրոնիկական զարգացող հիվանդություններ (անուղղելի կամ թույլ ուղղման ենթակա) հիվանդի կայուն վիճակի դեպքում՝ ինքնասպասարկման ունակության մասնակի կամ ամբողջական կորստով,
• Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների անդառնալի ծանր հետևանքներ, ուղեղի անոթների սուր և քրոնիկ խանգարումների, շարժման խանգարումների (պարեզ, կաթված), վերականգնողական ցածր ներուժի առկայության դեպքում, որն ուղեկցվում է կյանքի և շարժունակության տարբեր աստիճանի սահմանափակումներով, որոնք պահանջում են շուրջօրյա աջակցող բուժում և բուժքույրական խնամք:
• Հենաշարժողական համակարգի վնասվածքների և հիվանդությունների անդառնալի հետևանքներ, որոնք ուղեկցվում են կենսագործունեության սահմանափակումներով և տարբեր աստիճանի հաշմանդամությամբ՝ ինքնասպասարկման ունակության մասնակի կամ ամբողջական կորստով և պահանջում են շուրջօրյա բուժքույրական խնամք։
• Այլ հիվանդություններ (վիճակներ), որոնք ուղեկցվում են կենսագործունեության սահմանափակումներով և տարբեր աստիճանի հաշմանդամությամբ, պահանջում են շուրջօրյա աջակցող բուժում և (կամ) բուժքույրական խնամք՝ շուրջօրյա բժշկական հսկողության բժշկական ցուցումների բացակայության դեպքում․
- զարգացման վերջին փուլերում գտնվող ուղեղի անոթային և նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններ,
- ծերունական ասթենիա։
Օնկոլոգիական և այլ անբուժելի զարգացող հիվանդություններով տառապող մարդիկ հատուկ խնամքի կարիք ունեն, որն իր մեջ համակցում է բժշկական, հոգեբանական և սոցիալական օգնությունը։ Երբեմն այն բանից հետո, երբ բուժումն այս կամ այն պատճառներով անօգուտ է, մարդը մենակ է մնում իր խնդրի հետ։ Նման պացիենտների հարազատները հաճախ ևս չգիտեն, թե ինչպես բարձրացնել նրա կյանքի որակը, ինչպես օգնել նրան հաղթահարել վախերը և թեթևացնել ցավը։ Ծանր հիվանդների համար մասնագիտական պալիատիվ օգնությունը դրական ազդեցություն է գործում հիվանդի և նրա հարազատների կյանքի տարբեր ասպեկտների վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանմամբ պալիատիվ օգնությունը մոտեցում է, որը նպատակ ունի լավացնել սպառնացող հիվանդության հանդիպած պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։ Նպատակին հասնում են տառապանքների թեթևացման և կանխման ճանապարհով, ինչը ենթադրում է ցավի և այլ ախտանիշների բացահայտում, գնահատում, ինչպես նաև հոգեբանական, սոցիալական և հոգևոր օգնության ցուցաբերում։
Այսպիսով, պալիատիվ օգնությունը ձևավորվում է երկու բաղադրիչներից։ Առաջինը՝ պացիենտի տառապանքների թեթևացում հիվանդության ողջ ընթացքում (արմատական բուժումների հետ մեկտեղ), երկրորդ՝ բժշկական օգնություն կյանքի վերջին ամիսներին, օրերին և ժամերին։
Պալիատիվ օգնությունը պետք է առանց բացառության ցուցաբերվի բոլոր պացիենտներին, որոնք կյանքի համար անբարենպաստ կանխատեսում ունեն։
Պալիատիվ օգնության խնդիրը համարվում է պացիենտի կյանքի լավագույն որակի ապահովումը, որքանով դա հնարավոր է։ Այս դեպքում մահը դիտարկվում է որպես բնական գործընթաց։ Պալիատիվ բժշկությունը մտադրություն չունի հետաձգել կամ արագացնել դրա ժամանակը։